Արմինֆո. Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները, ինչպես և խորհրդարանակա ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով, կառավարող ՀՀԿ կողմից վարչական լծակների կիրառմամբ և համատարած ընտրակաշառքի բաժանմամբ: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել են «Ելք» դաշինքի առաջնորդները, որը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում` ձայների 20%-ով:
Ինչպես նշել է Էդմոն Մարուքյանը, Հայաստանի ոստիկանությունը բացահայտ գործել է ՀՀԿ շահերի օգտին, նրա օգտին ձայներ հավաքելով, աչք փակելով խախտումների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ուժի կիրառման վրա: Սակայն «Ելք» դաշինքը մտադիր չէ հաշտվել առկա իրադրության հետ և ամենամոտ ժամանակներս կդիմի Գլխավոր դատախազություն` ընտրախախտումների վերաբերյալ փաստերի և ապացույցների 30-էջանոց թղթապանակով:
Դաշինքը նաև արձանագրել է, որ Երևանում կայուն ընտրազանգված ունի և իր գործունեությունում ելնելու է այդ փաստից: «Մենք ակտիվ կլինենք ինչպես ավագանու խորհրդում, այնպես էլ խորհրդարանում` փորձելով վերականգնել ժողովրդի հավատը քաղաքական գործընթացների հանդեպ», - հավաստիացրել են դաշինքի առաջնորդները:
Անդրադառնալով մայրաքաղաքի ընտրություններում 7,5%-ով երրորդ տեղն զբաղեցրած «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, ով խոստացել է դժոխքի վերածել վերընտրված Տարոն Մարգարյանի և նրա ղեկավարների կյանքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տարոն Մարգարյանի կյանքն առանց այդ էլ դժոխք է, չարժե այդ ուղղությամբ լրացուցիչ ջանք գործադրել: Դեհ` իսկ մենք մեր եռանդը կներդնենք երևանցիների կյանքը դրախտի վերածելու նպատակով»:
«Ելք» դաշինքի առաջնորդները նաև դատապարտել են ոստիկանության բռնությունը Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ, ով «իրավակարգի պահապանների» գործողությունների արդյունքում ուղեղի ցնցում է ստացել: «Այդ փաստի առնչությամբ պետք է հետաքննություն սկսվի, մեղավորները պետք է պատժվեն», - հայտարարել է Էդմոն Մարուքյանը, հավելելով, որ եթե «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վերցնի Երևանի ավագանու խորհրդի մանդատները, ապա «Ելք» դաշինքը նրա հետ կհամագործակցի: