Արմինֆո. ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ բուժզննում է անցնում նրա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, ով վնասվածքներ է ստացել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են բռնի կերպով բերման ենթարկել նրան Ավան համանքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից:
Նախնական զննության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունն այսօր Ավան համայնքում բռնություն է գործադրել ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով, ՀՀ օրենսդրության համաձայն, անձեռնմխելիության կարգավիճակ ունի: Մասնավորապես, մի քանի ոստիկան բռնի կերպով դուրս են հանել Փոստանջյանին Ավանում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից և տարել մինչև ոստիկանական մեքենան: Այնուամենայնիվ, ոստիկաններին չի հաջողվել պատգամավորին մեքենա նստացնել, իսկ ահա նրա աղջկան հաջողվել է տանել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Իսկ միջադեպի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ Փոստանջյանը, ահազանգ ստանալով այն մասին, որ Ավանում ՀՀԿ նախընտրական շտաբում ընտրակաշառք են բաժանում և համապատասխան ցուցակներ են կազմում, աղջկա հետ միասին շտապել է այնտեղ: Սակայն, շտաբի աշխատակիցները հասցրել են թաքցնել ցուցակները, և դրանք ստանալու Փոստանջյանի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Հատկանշական է, որ ոստիկաններն ակնհայտորեն գործել են ի շահ հանրապետականնների, պահանջելով Փոստանջյանից, նրա կողմնակիցներից և նույնիսկ լրագրողներից լքել տարածքը՝ նրանք հավաստիացրել են, որ իրենք կպարզեն իրավիճակը: