Արմինֆո. ՀՀ Գլխավոր դատախազությունում իրավաչափ են որակել ոստիկանության գործողությունները Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ: «Ուժի գործադրում չի եղել, այնտեղ անցկացվել են օպերատիվ գործողություններ, որոնք Քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից իրավաչափ են»,- լրագրողներին հայտարարել է ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, պատգամավորի հետ կապված տեսանյութը գտնվում է Գլխավոր դատախազության աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում, որն օնլայն ռեժիմով դիտարկել է իրավիճակը, այդ առնչությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կա համապատասխան հաղորդում: Տեսանյութի հետ կապված ստուգողական միջոցառումներ անցկացնելուց հետո գերատեսչության ներկայացուցիչը խոստացել է հանդես գալ միջադեպի իրավական գնահատականով: «Այս պահին վաղ է իրավական հարթության մեջ դատողություններ անելու համար: Երբ պատրաստ կլինեն համապատասխան նյութերը, ձեռք կբերվեն որոշակի փաստական տվյալներ, դրանց համակցության արդյունքում հնարավոր կլինի տեղի ունեցածին իրավական գնահատական տալ»,- հայտարարել է նա:
Հովհաննիսյանի կարծիքով, ոստիկանության գործողություններն իրավաչափ էին. «նրանք խնդրել են շտաբը լքել բոլոր այն անձանց, ովքեր իրավունք չունեին գտնվել վերջինիս տարածքում՝ անկախ այդ տարածքում գտնվող անձանց կարգավիճակից»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն այսօր Ավան համայնքում բռնություն է գործադրել ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով, ՀՀ օրենսդրության համաձայն, անձեռնմխելիության կարգավիճակ ունի: Մասնավորապես, մի քանի ոստիկան բռնի կերպով դուրս են հանել Փոստանջյանին Ավանում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից և տարել մինչև ոստիկանական մեքենան: Այնուամենայնիվ, ոստիկաններին չի հաջողվել պատգամավորին մեքենա նստացնել, իսկ ահա նրա աղջկան հաջողվել է տանել ոստիկանության Նոր Նորքի բաժին: