Արմինֆո. Ժամը 14:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 4 ահազանգ, որոնք վերաբերել են քվեարկության սահմանված կարգին:
Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը,
հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում, բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած շուրջ 73 հաղորդում:
«Հաղորդումները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում և նախընտրական շտաբերում կուտակումներին, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, ընտրատեղամասերի կահավորման, քվեարկության սահմանված ընթացակարգի հետ կապված հարցերին: Առերևույթ հանցագործություն պարունակող տեղեկությունները առանձնացվել են՝ քրեական հետապնդման մարմնին ուղարկելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հատկապես ուշադրությամբ է ուսումնասիրվում լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը»- ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում, մայիսի 14-ին՝ 15:00-ի դրությամբ, գերատեսչություն 14 հաղորդում է ստացվել Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների ընթացքւոմ խախտումների մասին: Բոլոր հաղորդումները գտնվում են ուսումնասիրման փուլում: