Արմինֆո. Թիվ 1/19 ընտրատեղամասում Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում քվեարկել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2011 թվականից: Մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարը քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ: Նա քվեարկել է «հանուն Երևանի»։
Լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը մեկնաբանել է իբր ՀՀԿ կողմից ընտրակաշառքի բաժանման մասին «Ելք» դաշինքի տարածած նյութերը։ «Եթե կան իրավախախտումներ, թող դիմեն իրավապահ մարմիններին», - հայտարարել է Մարգարյանը: Ինչպես նշել է գործող քաղաքապետը, այդ նյութերն իր ընտրական շտաբի հետ ոչ մի առնչություն չունեն: «Մենք մեր մրցակիցներին հորդորել էինք նորմալ քարոզարշավ անցկացնել` առանց մյուսներին սևացնելու փորձերի: Մենք ընտրարշավը գնահատում ենք շատ նորմալ, և մի քանի ժամ անց ինքներդ կտեսնեք դրա արդյունքը», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին «Ելք» դաշինքը ԿԸՀ դիմում էր ներկայացրել` պահանջելով դիմել դատարան Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դաշինքի դիմումի համար հիմք էր ծառայել այն փաստը, որ նախօրեին ՀՀԿ շտաբներից մեկում բացահայտվել էր ընտրակաշառք և քվեաթերթիկ բաժանելու դեպք: «Քվեաթերթիկները միայն վաղն են տրամադրվելու ընտրահանձնաժողովներին, սակայն երեկ արդեն շրջանառվում էր քվեաթերթիկ, որի վրա № 3 (ՀՀԿ) դիմաց նշում էր արված: Այդ քվեաթերթիկները բաժանում էին ընտրողներին, ինչի դիմաց նրանք ստանում էին 20 հազար դրամ կաշառք», - ընդգծել էր «Ելքի» ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը: ԿԸՀ-ը մերժել է «Ելքի» դիմումը: