Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել 4/53 ընտրատեղամասում:
Քվեարկությունից հետո վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ քվեարկել է հանուն լավ Երևանի և ավելացրել, որ մայրաքաղաքը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքի խնդիրները պետք է լուծել լավ կառավարմամբ, ավելի խելացի համակարգով և ներդրումային դաշտի բարելավմամբ: «Տարեցտարի ընտրությունները Հայաստանում անցնում են ավելի արդար ու թափանցիկ», - հայտարարել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նաև մեկնաբանել է ընտրակաշառքի և այլ ընտրախախտումների վերաբերյալ «Ելքի» հայտարարությունը, ընդունելով, որ ցանկացած ընտրության ընթացքում լինում են խախտումներ: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել հապճեպ հետևություններ չանել և գործը թողնել իրավապահ մարմիններին: Վարչապետը կոչ է արել զինվել համբերությամբ նաև 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր մնալու հարցի առնչությամբ: «2018 թվին կերևա», - նշել է նա:
Մայիսի 14-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Ընտրություններին հետևում են մեկ միջազգային (Եվրախորհրդի տեղական իշխանությունների կոնգրեսը – 10 դիտորդ) և 17 տեղական դիտորդական կազմակերպություններ (ավելի քան 5000 դիտորդ):