Արմինֆո.ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հաղորդում է ընտրությունների անցկացման և կազմակերպման բարձր տեխնիկական նախապատրաստման մասին: Նա այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Նրա ասելով, մայրաքաղաքի բոլոր ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքերն աշխատում են անխափան: Նա հաղորդել է, որ առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը: ԿԸՀ նախագահը նշել է, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 474 ընտրատեղամաս, գրանցվել է ընտրահանձնաժողովների 3792 անդամ, որոնցից 14-ը բացակայել է:
Ավելի վաղ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, խոսելով ընտրական իրավունքի խախտումների մասին, հայտարարել էր, որ այս ընտրությունները տարածքային ցուցակներով ընտրություններից տարբերվում են այն բանով, որ այժմ կփորձեն կիրառել այլ մեխանիմզ: Նրա ասելով, տվյալներ կան, որ ընտրատեղամասերի չհրկիզվող պահարանների շուրջ 50 տոկոսը գտնվում է տեսախցիկների հսկողությունից դուրս: Նա հաղորդել է, որ ողջ գիշեր կուսակցության անդամները դիտարկել են ընտրատեղամասերը և հայտնաբերել, թե ինչպես 9/46 տեղամասում ոստիկանները տեղաշարժել են չհրկիզվող պահարանը:
Այսօր Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Ընտրություններին հետևում են մեկ միջազգային (Եվրախորհրդի տեղական իշխանությունների կոնգրեսը – 10 դիտորդ) և 17 տեղական դիտորդական կազմակերպություններ (ավելի քան 5000 դիտորդ):