Արմինֆո. ՀԱՊԿ-ն ամենից առաջ ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի գլխավոր խնդիրն է՝ պահպանել վերջինիս մեջ մտնող պետությունների ինքնիշխանությունը: Այդ մասին մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Խոսելով կազմակերպության գերակայությունների մասին՝ դեսպանը նշել է, որ ՀԱՊԿ-ն աշխատում է շատ ուղղություններով, մասնավորապես՝ պայքար ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ: Պատասխանելով հարցին, թե արդյոք առանցքային տարաձայնություններ կան ՀԱՊԿ անդամների միջև՝ Իվան Վոլինկինը, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև առանցքային հակասություններ չկան և չեն կարող լինել: Բնականաբար, յուրաքանչյուր պետություն սեփական շահերը, առաջնահերություններն ունի, բայց առանցքային հարցերի շուրջ որևէ հակասութուն չկա»:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նշանակմանը՝ Վոլինկինն ասել է. «Կարծում եմ, որ նա, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կկարողանա դրսևորել իր կարողությունները, և նա դա արել է՝ գտնվելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Գտնում եմ, որ Յուրի Խաչատուրովը կկարողանա շատ բան անել կազմակերպության համար: Ընդհանրապես Հայաստանը կազմակերպության շատ ակտիվ մասնակից է, մշտապես հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնք աջակցություն են գտնում բոլոր մասնակիցների կողմից»,- ասել է դիվանագետը: