Արմինֆո. Ռուսաստանցի գործարար, Մոսկվայի հայ և այլ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադրամի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել Զարուհի Փոստանջյանին, նրա «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, ներառյալ ֆինանսական աջակցությունը, նաև` Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում, եթե նման անհրաժեշտություն ծագի: Այդ մասին ասվում է Գրիգորյանի հայտարարությունում, որի տեսագրությունը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:
Գործարարն իր պատրաստակամությունը բացատրել է Զարուհի Փոստանջյանի սկզբունքայնությամբ` որպես քաղաքական գործիչ: Նրա համոզմամբ, Զարուհի Փոստանջյանն իր գործունեությամբ ապացուցել է, որ կարող է լինել Երևանի քաղաքապետ: «Երևանը տարիներ շարունակ կառուցապատվել է ոչ թե քաղաքաշինական, այլ ագահության նորմերով: «Երկիր Ծիրանիի»՝ քաղաքային իշխանության գալը շանս է վերջ դնել Երևանի պատմության այս անփառունակ էջին»,- ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը հերքել էր ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե Ռուբեն Գրիգորյանը ֆինանսավորում է «Երկիր Ծիրանի» կուսակցությանը:
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Սոցհարցումների տվյալների համաձայն, ընտրարշավի առաջատարը ՀՀԿ-ն է` 67%, նրան հետևում է «Ելք» դաշինքը` 11%, հետո գալիս է «Երկիր Ծիրանին»` 7%: