Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք պատիժը կրում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Էլնուր Հուսեյնզադեին, որը գերեվարվել է Ղարաբաղի Թալիշ գյուղի մերձակայքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, երեք ադրբեջանցիներին այցելությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերին համապատասխան, կալանավորների նկատմամբ վերաբերմունքի և նրանց պահման պայմանների դիտարկման, ինչպես նաև կալանավորների ընտանիքների անդամների հետ նրանց կապն ապահովելու նպատակով», - ասել է Ամատունին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականացվել է դիվերսանտներ Ասկերովի և Գուլիևի առողջական վիճակի դիտարկում, Ամատունին ընդգծել է, որ այդ հարցը միշտ գտնվում է ԿԽՄԿ ուշադրության կենտրոնում և քննարկվում է համապատասխան կողմերի հետ, սակայն տեղեկատվությունը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ:
Հիշեցնենք, ոչ Հուսեյնզադեն ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 1-ին ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատելու և դիվերսիա իրականացնելու փորձի կասկածանքով:
Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին ապօրանաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել և իրականացրել լրտեսական գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել էր հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրա հրազենից արձակած գնդակով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում էր պատճառել: Ձերբակալության ժամանակ նա զինված դիմադրություն էր ցույց տվել և վնասազերծվել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի` Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման: