Արմինֆո. Գագիկ Ծառուկյանի կամքին հակառակ՝ «Ծառուկյան» դաշինքից մանդատ ստացած 8 պատգամավորի ճակատագիրը շարունակում է անորոշ է մնալ:
Նախօրեին պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ հիշյալ ութ պատգամավորից վեցը բացակայում էր: Արարողությանը ներկա էին միայն Արտյոմ Ծառուկյանը և Արթուր Մանուկյանը: Վերջինիս հայրը՝ Աբրահամ Մանուկյանը, ինչպես հայտնի է, պայմանավորվածություն է ձեռք բերել Գագիկ Ծառուկյանի հետ իր որդու ապագայի շուրջ՝ Ծառուկյանի կամքին հակառակ մանդատ վերցրած մնացած յոթի դեմ գործելու փոխարեն:
8 «ապստամբներից» երկուսը՝ Նապոլեոն Ազիզյանը և Վահան Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանի հետ «երկար խոսակցությունից» հետո կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը՝ հայտարարելով ԶԼՄ-ներին, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են հրաժարվել մանդատներից, թեև մինչ այդ խիստ վրդովված էին իրենց փոխարեն ինքնաբացարկի դիմում ներկայացնելու Ծառուկյանի որոշման առնչությամբ և հայտարարում էին մինչև վերջ պայքարելու պատրաստակամության մասին: Ամենայն հավանականությամբ, մանդատից կհրաժարվի նաև Հարություն Կարագյոզյանը, ով վերջին րոպեին որոշել է չեղարկել ինքնաբացարկի վերաբերյալ դիմումը, իսկ արդեն մեկ ժամ անց մտափոխվել, բայց արդեն ուշ էր. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամրագրել էր մանդատ ստանալու նրա դիմումը:
Ուշագրավ են ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանի գործողությունները, ով նույնպես մյուսների հետ միասին ինքնաբացարկի վերաբերյալ դիմումը չեղարկելու մտադրության մասին դիմում է գրել և որոշել վերցնել մանդատը: ԿԸՀ նիստի ժամանակի նա լրագրողների հետ մասնավոր զրույցի ժամանակ նույնպես խիստ վրդովմունք է հայտնել Ծառուկյանի գործողությունների առնչությամբ՝ հավաստելով, որ ինքնաբացարկի դիմում ներկայացվել է առանց իր գիտության, և հարցին, թե շարունակելու է արդյոք համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ, պատասխանել է՝ «Աստված ոչ անի», և ավելի մեծ հավաստիության համար խաչակնքել: Այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի «մարդիկ» փորձել են ճնշում գործադրել իր վրա՝ Զուրաբյանը նշել է. «Մի՞թե նման եմ մարդու, ում վրա կարելի է ճնշում գործադրել»: Այնուամենայնիվ, ինչ-որ «ծանրակշիռ հանգամանքներում» Զուրաբյանի դիրքորոշումը մեկ օրում կտրուկ փոխվել է: Հարցազրույցներից մեկում նա կտրուկ քննադատել է դաշինքից այն թեկնածուներին, ովքեր իր պես որոշել են վերցնել մանդատը՝ հայտարարելով, որ իրենք խախտել են Ծառուկայնի հետ պայմանավորվածությունը: Այնուհետ նա հավաստիացրել է, որ ինքնաբացարկի մասին դիմումը չեղարկելու իր որոշումն իբր նախօրոք պայմնավորված էր Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու ԿԸՀ նիստի ժամանակ Զուրաբյանը մասնավոր զրույցներում այլ թեկնածուներին հավասար դժգոհել է Ծառուկյանի գործողոթյուններից և լրագրողների հարցին ի պատասխան՝ բացառել վերջինիս հետ հետագա համագործակցության հնարավորությունը:
«Ծառուկայն» դաշինքում դեռ հստակություն չկա ստեղծված իրավիճակի հետագա հանգուցալուծման առնչությամբ:
Նշենք, որ նախօրեին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ բացակայել են նաև «Ելք» դաշինքի խմբակցությունը, ինչպես նաև ՀՀԿ-ից շատ պատգամավորներ: