Արմինֆո. Իշխանության կուլուարներում ակտիվորեն քննարկվում են կադրային փոխատեղումների տարբեր վարկածներ, և, ինչպես հայտնում են կառավարող շրջանակներում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, որոշ պաշտոնների շուրջ արդեն որոշակիություն կա:
Այսպես՝ աղբյուրների համաձայն, Արփինե Հովհաննիսյանի փոխարեն արդարադատության նոր նախարար կլինի ՀՀ նախագահի իրավական հարցերի խորհրդական Հրայր Ղուկասյանը: Արփինե Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը՝ Հերմինե Նաղդալյանի փոխարեն, ով նոր Ազգային ժողովում կգլխավորի տնտեսական հարցերի հանձնաժողովը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, Հովհաննես Սահակյանի փոխարեն, ամենայն հավանականությամբ, կդառնա նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, իսկ Հովհաննես Սահակյանը կզբաղեցնի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Ինչ վերաբերում է այսօր ամենաինտրիգային՝ ԱԺ նախագահի պաշտոնին, ներկայումս քննարվում է երկու հիմնական թեկնածուների հարցը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի, ով հանրապետությունից երկշաբաթյա բացակայությունից հետո վերադառնալով Երևան՝ ձեռնամուխ է եղել այդ պաշտոնում իր թեկնածության ակտիվ լոբբինգին: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հույսը չի կտրում նաև կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ում համար կանխատեսվում են նաև Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի և նույնիսկ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնները: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի պաշտոնի հավանական թեկնածու է նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով նոր խորհրդարանում կգլխավորի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը:
Երկրորդ փոխխոսնակի պաշտոնը, հնարավոր է, վստահվի ՀՅԴ-ին: Այդ դեպքում այն, ամենայն հավանականությամբ, կզբեղեցնի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Ընդդիմությունից ԱԺ երրորդ փոխնախագահ կդառնա «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Զաքարյանը:
Որոշ փոփոխություններ տեղի կունենան նաև դիվանագիտական կորպուսում: Այսպես՝ ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան: Դեսպանի պաշտոնը կզբաղեցնի նաև նախկին պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը, նստավայր երկիրը դեռ որոշված չէ: Վրաստանում ՀՀ դեսպան, Յուրի Վարդանյանի փոխարեն, կդառնա քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: