Արմինֆո. Արդեն երրորդ օրն է` անհայտ անձինք հերթապահում են «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Խաչիկ Մանուկյանի տան մոտ, ով իր մանդատն ստանում է հակառակ Գագիկ Ծառուկյանի կամքի:
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մանուկյանի դուստրը` Աստղիկը, անհայտ անձինք պարբերաբար սեղմում են տան դռան զանգը` պահանջելով հանդիպում Մանուկյանի հետ: «Պատասխան ստանալով, որ Մանուկյանը տանը չէ, նրանք պահանջում են հանդիպում ընտանիքի անդամներից մկի հետ: Սակայն մենք մտադիր չենք հանդիպել ու զրուցել մեզ անծանոթ մարդկանց հետ», - գրել է Մանուկյանը:
ԱրմԻնֆո-ին չի հաջողվել ստեղծված իրավիճակի վերաբերյալ ավելի որոշակի տեղեկատվություն ստանալ Աստղիկ Մանուկյանից:
Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանը մեկն է 12 պատգամավորներից, որոնք չեն ենթարկվել Գագիկ Ծառուկյանի կամքին և հետ են վերցրել ինքնաբացարկի մասին դիմումները, որոնք ԿԸՀ էին ներկայացվել նրանց անունից: Ընդհանուր առմամբ, նման դիմումները 23 էին:
Դրանից հետո ԶԼՄ-ներն սկսել էին ահազանգեր ստանալ այն մասին, որ Ծառուկյանի «մարդիկ» քաղաքով մեկ փնտրում են «հրաժարվածներին»: Ծառուկյանի թիկնապահներից մեկը եղել է պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տանը, որը հայտարարել էր, թե մինչև վերջ պայքարելու է իր մանդատի համար, և իր նկատմամբ հնարավոր չէ ճնշում գործադրել: Սակայն նախօրեին հարցազրույցներից մեկում Ազիզյանը հայտարարել է, որ, չնայած ոտքի ցավերին, եղել է Ծառուկյանի տանը և մտադիր է ենթարկվել նրա ցանկացած կամքին և, անհրաժեշտության դեպքում, իր մանդատը դնել նրա ոտքերի մոտ: Թե որն է Ազիզյանի հայացքների այդքան արմատական փոփոխության պատճառը, առայժմ հայտնի չէ: ԱրմԻնֆո-ի աղբյուրիների համաձայն, մեկ ուրիշ պատգամավոր` Հարություն Կարագյուզյանը, որը վերջին րոպեին հաջողացրել էր դիմում ներկայացնել մանդատը վերցնելու մտադրության մասին, ԿԸՀ նիստից անմիջապես հետո փորձել է կրկին դիմում գրել ինքնաբացարկի մասին: Սակայն ԿԸՀ մերժել է` վկայակոչելով արձանագրությունների արդեն հաստատված լինելու հանգամանքը:
«Ծառուկյան» դաշինքում առայժմ պարզորոշ չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Դաշինքի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը միայն հայտարարել է, որ այն պատգամավորները, որոնց անունից ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայցվել, խախտել են Գագիկ Ծառուկյանի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես, խոստացված քանակությամբ ձայներ չեն հավաքել: