Արմինֆո. Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ-ն կստանա ձայների 67%-ը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, «Ելք» նախընտրական դաշինքը կստանա ընտրողների ձայների 21%-ը, «Երկիր ծիրանին»՝12%: Ըստ որում, նա սպասում է ընտրություններին առավելագույնը 57%, նվազագույնը՝ 47% մասնակցությունը: Անցկացված հարցման համաձայն՝ ընտրողների 14%-ը ընտրարշավին չի հետևում ,43%-ը չի հետաքրքրվում տեղի ունեցող իրադարձություններով, ևս 43%-ը հետաքրքրվում է ընտրություններով:
Նշենք, որ «Էմ Փի Ջի» ՍՊԸ հարցման արդյունքների համաձայն՝ /Gallup International Association-ի հայաստանյան լիազոր ներկայացուցիչ/ Երևանի բնակիչների 61,2%-ը Ավագանու խորհրդի՝ մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում կքվեարկի ներկայիս քաղաքապետի և Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանի օգտին: «Ելք» դաշինքից թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 11,5%-ը, իսկ «Երկիր ծիրանից» թեկնածու Զարուհի Փոստանջյանի օգտին՝ ընդամենը 3,93%-ը: «Հարցվածների 62,3%-ը գտնում է, որ Մարգարյանն ի վիճակի է լուծել մայրաքաղաքի խնդիրները, 12,1%-ն այդ հարցում վստահում է Փաշինյանին, 4,2%-ը՝ Փոստանջյանին: 8,6%-ը գտնում է, որ թեկնածուներից ոչ մեկն ի վիճակի չէ բարեփոխումներ իրականացնել, 10,4% -ը հանդես է գալիս այլ գործիչների օգտին, ովքեր թեկնածու չեն, իսկ 2,4%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշել է Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրությունների արդյունքում` ավագանու խորհուրդը կընտրի Երևանի քաղաքապետին: Քաղաքապետի պաշտոնին հավակնում են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը: