Արմինֆո.Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին արգելվել է նախագահել նիստը, որում ելույթ է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,- գրել է պատգամավորը:
Նշենք, որ չնայած այն բանին, որ Ագրամունտը կոռուպցիոն սկանդալի «հերոս» է դարձել՝ նրա հնարավոր հրաժարականի պատճառը ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ միասին Սիրիա այցն է: Ապրիլի 24-ին ԵԽԽՎ-ում բոլոր խոշոր խմբերի ներկայացուցիչներն այցելության համար պահանջել են նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը՝ մեղադրելով նրան «Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բաշար Ասադին աջակցության» համար: Ագրամունտն «ընդունել էիր սխալը և զղջացել»: Այնուամենյանիվ, դա չի մեղմել եվրոպացի խորհրդարանականների դիրքորոշումը:
Հայ խորհրդարանականները պահանջել են Ագրամունտի հրաժարականը՝ «Կայունության եվրոպական նախաձեռնության» կողմից Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» խորագրով հետաքննության հետ կապված, որում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաներ, ինչում ներքաշված են բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ: Հետաքննության մեջ նկարագրվում է ադրբեջանցի իշխանությունների կապը խորհրդարանական Լուկա Վոլոնտեի հետ, ով 3 միլիոն եվրո է ստացել Ադրբեջանից «իր կեղտոտ լոբբիստական ծառայությունների համար»: Հետքերը տանում են նաև դեպի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ով 2003, 2005, 2010 և 2013 թթ. եղել է Ադրբեջանում՝ որպես ընտրություններում դիտորդ, և մշտապես պաշտպանել է Բաքվին, երբ խոսքը վերաբերել է այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին: Այս առնչությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլը և եվրոպական վեց երկրներում նրա պաշտոնական ներկայացուցիչները կոչ են արել Եվրոպայի Խորհրդի երեք բարձրագույն պաշտոնակատարներին` հետաքննելու այդ կազմակերպության ներսում առկա կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները: