Արմինֆո.ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Պետեկամուտների կոմիտեն չեն շտապում մեկնաբանություններով հանդես գալ այն առնչությամբ, թե ինչպես են հայկական շուկայում Ադրբեջանից մաքսանենգ մրգեր հայտնվել:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խորհուրդ է տվել այդ առնչությամբ գրավոր հարցում ուղարկել ԱԱԾ՝ այնուամենայնիվ, չխոստանալով, որ պատասխան կստացվի:
Պետեկամուտների կոմիտեի մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանը, հավատարիմ մնալով իր բազմամյա սովորությանը, չի պատասխանել գործակալության հեռախոսազանգերին:
ԶԼՄ-ներում և սոցցանցերում բազմաթիվ հրապարակումների առնչությամբ երկարատև լռությունից հետո այս թեմային, վերջապես, անդրադարձել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք:
ՍԱՊԾ-ն այս տեղեկատվությունը՝ կից լուսանկարներով, փոխանցել է նաև պատկան այլ մարմինների՝ հետագծելիության սկզբունքով ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում և՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան»:
Այնուամենայնիվ, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր մոնիտորինգ են անցկացրել Հայաստանի տարբեր առևտրային կետերում, և դրանցից շատերում հայտնաբերվել են ադրբեջանական ծագման մրգեր:
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ հիշյալ թեման ակտիվորեն շրջանառվում է լրատվամիջոցներում և սոցցանցերում, սակայն այդպես էլ լիազոր պետկառույցների կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել: Ավելի վաղ արդեն նշել ենք, որ հայկական շուկայում հայտնվել են «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերով խնձորներ: