Արմինֆո.Չեխիայի խորհրդարանը դատապարտել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը 104 ձայնով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ հայերի նկատմամբ թուրքերի հանցագործությունը դատապարտել էր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկն է:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Վատիկանը, Վենեսուելան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Ուրուգվայը (1965 թվականին` աշխարհում առաջինը), Ռուսաստանը, Ֆրանսիան, Չիլին, Շվեկցարիան, Շվեդիան, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը և ԱՄՆ Կոնգրեսի միջազգային կոմիտեն, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարա և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիա), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը: Ընդ որում` Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ու Կիպրոսն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել համանման փաստաթուղթ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը` Անկարային կոչ անելով հետևել իր օրինակին և փոխհատուցել այդ ոճրագործության հետևանքները: