Արմինֆո.Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տարբեր ստեղծարար եղանակների են դիմել նախընտրական քարոզարշավը մեկնարկելիս:
Մասնավորապես, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ և քաղաքապետի պաշտոնի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավը մեկնարկել է հեծանվաերթով, որի մասնակիցները կոչ են արել քվեարկել հենց այդ քաղաքական ուժի օգտին: Իսկ հետո նա ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, խոստանալով լուծել աղբահանության, աղբի վերամշակման, քաղաքի բարեկարգման և կանաչապատման, ինչպես նաև թափառական ընտանի կենդանիների խնդիրները: «Մեր ծրագրում կան մշակույթին, առողջապահությանն ու կրթությանը, ինչպես նաև քաղաքային բյուջեի ձևավորմանը վերաբերող դրույթներ», - հայտարարել է Փոստանջյանը: Իսկ ավելի վաղ նա մամուլի ասուլիս էր անցկացրել «Էրուբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցում, հայտարարելով, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության թիրախը կլինի կառավարող ՀՀԿ-ն:
«Ելք» դաշինքից քաղապետի պաշտոնի թեկնածու և «Ֆեյսբուքի» ուղիղ եթերների սիրահար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավն սկսել է մետրոպոլիտենում, որի շինարարությունը խոստանում է շարունակել: Նա ուղիղ եթերում քարոզչական թռուցիկներ է բաժանել գնացքի վագոնում գտնվող քաղաքացիներին, իսկ հետո իր կողմնակիցների և Երևանի ավագանու խորհրդի թեկնածուների հետ երթ է անցկացրել քաղաքի փողոցներում, այն ավարտելով Հյուսիսային պողոտայում, որտեղ կազմակերպվել է ռոք-համերգ: Իսկ մինչ այդ կայացել է Փաշինյանի կատարմամբ «Էրեբունի-Երևան» երգի տեսահոլովակի պրեմիերան: Նա նաև համոզմունք է հայտնել, իր թիմին կհաջողվի հաղթել մայիսի 14-ի ընտրություններում:
Մինչդեռ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը նորամուծությունների չի դիմել և հանդես է եկել քաղաքացիներին ուղղված կոչով, հորդորելով հանդուրժող լինել, և խոստացել է բարեփոխումներ իրականացնել տրանսպորտի ոլորտում: Ի տարբերություն իր ընդիմախոսների, Մարգարյանն իրեն բավականին համեստ է պահում, սակայն քաղաքի որոշ մասերում, դեռ մինչև քարոզարշավի մեկնարկը, հայտնվել էին նրա քարոզչական պաստառները, որոնք հարուցել էին մրցակիցների վրդովմունքը: