Արմինֆո. ՀՀ ոստիկանության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի զավթման շուրջ 2016 թ. հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում բացակայում է ազատության կանխավարկածը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացրել է 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:
Թաթոյանի խոսքով, հուլիսի 17- 31-ը արձանագրվել են մարդու իրավունքների կոպտագույն խախտման փաստեր, մասնավորապես՝ ոստիկանական բաժանմունքներ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ. ՀՀ մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակի թեժ գծին ավելի քան 200 հաղորդում է ստացվել ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: Գնդի զավթման առաջին օրվանից ոստիկանության կարգախմբերն սկսել են հասարակական վայրերում ապօրինի ձերբակալել քաղաքացիներին և բերման ենթարկել նրանց ոստիկանության բաժանմունքներ՝ չբացատրելով պատճառները, պատճառաբանելով այդ փաստը հատուկ միջոցառումներով: Մինչդեռ ոչինչ չէր վկայում, որ այդ ակցիաները խաղաղ բնույթ չեն կրելու: «Հուլիսի 17-ի աննախադեպ իրադարձությունները հանգեցրեցին բռնության պոռթկման և ատելության տրամադրությունների աճի, որոնք հիմնականում պայմանավորված էին իրավակարգի ուժերի գործողություններով»,- նշել է նա: Ոստիկանության աշխատակիցների հետ անձնական զրույցների արդյունքում Թաթոյանն արձանագրում է, որ Ոստիկանության աշխատակիցները կոմպետենտ չեն: Նա առաջարկում է բարձրացնել Ոստիկանության ծառայողի մասնագիտական գրագիտությունը: Հուլիսյան իրադարձությունների ընթացքում արձանագրվել են քաղաքացու՝ փաստաբանի ինքնուրույն ընտրության իրավունքի խախտման դեպքեր. բողոքներից 179-ը վերաբերել է փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելուն: Արման Թաթոյանը բարձրացնում է քաղաքացիական հագուստով անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, ովքեր, տարբեր աղբյուրների համաձայն, եղել են դեղահաբերի ազդեցության տակ:
ՊՊԾ գնդի զավթման ընթացքում իրավապահ մարմիններն անհամաչափ ուժ են են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը հուլիսի 20-ին և հատկապես հուլիսի 29-ին խիստ անհամաչափ էին»,- հայտարարել է Արման Թաթոյանը: Նրա խոսքով, ոստիկանությունն, ըստ էության, իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել, սակայն՝ ոչ նման անընդունելի ձևով: Բացի այդ, Ոստիկանության գործողություններն անընդունելի էին, քանի որ մարդկանց նախօրոք չէին նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մասին, նշել է Թաթոյանը: Նրա խոքով, անցած տարվա հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանության թիրախ են դարձել լրագրողները: Փաստերը ցույց են տալիս, որ լրագրողների նկատմամբ վատ վերաբերմունքը դրսևորվել է նրանց պատժելու դիտավորությամբ։ «Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն հանգամանքը, որ վերը նշված դեպքերում նույնիսկ լրագրողների կողմից տեսանկարահանումը դադարեցնելու պայմաններում շարունակվել է նրանց նկատմամբ բռնությունը»,- նշել է օմբուդսմենը: