Արմինֆո.Ֆինանսավորում ստանալով ԱՄՆ-ից և ՄԱԿ-ից՝ Հայաստանը, որպես «փախստականների համար անվտանգ տարածք», կբախվի բազմաթիվ խնդիրների, համոզված է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը և Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հանդես են եկել Հայաստանին «փախստականների համար անվտանգ տարածքի» կարգավիճակ շնորհելու նախաձեռնությամբ, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին և ՄԱԿ-ին ֆինանսական աջակցություն ցույց տալ Հայաստանին, որը 2011 թ. սիրիական ճգնաժամի սկսվելուց ի վեր ավելի քան 20 հազար հայրենակից է ընդունել Սիրիայից:
«Հայաստանն, իհարկե, կարող է փորձել այդ նախաձեռնությունն օգտագործել սեփական շահերի համար, սակայն պետք է հասկանալ, որ այսօր ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ն ընդհանուր առմամբ ձգտում են Մերձավոր Արևելքից փախստականներին բնակեցնել ամեն տեղ, ուր հնարացոր է: Այդ պատճառով «օգնելով» Հայաստանին՝ բոլոր այդ կենտրոնները լուծելու են իրենց սեփական խնդիրները՝ օգտագործելով Հայաստանին, ինչպես ցանկացած այլ երկրի, որին շնորհում են այս կամ այն կարգավիճակը»,- նշել է նա:
Այս առումով Սատանովսկին խիստ կարևոր է համարում Հայաստանում փախստականների ընտրովի տեղաբաշխումը՝ նշելով, որ փախստականներ անվան ներքո ԱՄՆ-ը, Եվրոպան և ՄԱԿ-ը ենթադրում են Սիրիայից և Իրանից սունի մահմեդականներին: Նա նաև համոզված է, որ եվրոպացիները և ամերիկացիները քրիստոնյաների Հայաստան ներգաղթն ընտրովի ֆինանսավորել ամենևին չեն պատրաստվում:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին, հայտնել էր, որ Երևանն արդեն բացել է իր դռները Մերձավոր Արևելքի փախստականների առջև: Համբարյանի խոսքով, իրենց կողմից աջակցվող ծրագիրը միաժամանակ համապատասխանում է փախստականներ, Հայաստանի և միջազգային հանրության շահերին, իսկ Հայաստանում ծախսված 40 միլիոն դոլարը կրկնակի արդյունք կտա, քանի որ նույն թվով փախստականներ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ընդունելը շատ ավելի ծախսատար կլինի: Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանք Փալոնի խոսքով, ֆինանսական ծանր վիճակում գտնվող Հայաստանը, որը չի խուսափել փախստականներ ընդունել, արժանի է օգնության. «Մենք կոչ ենք անում հատկացումների հանձնաժողովին 40 միլիոն դոլար հատկացնել Հայաստանը անվտանգ գոտի դարձնելու համար»: