Արմինֆո. «Ելք» դաշինքը չի բողոքարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանի որ կեղծիքների մասին ապացույցներ չի ունեցել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք չենք տիրապետում ապացույցների այնպիսի բազայի, որպեսզի կարողանանք դիմել Սահմանադրական դատարան: Մենք երբեք չենք ներկայացնի այնպիսի դիմում, որը լինի դատարկ և իրավական հիմք չունենա»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դաշինքը գոհ չէ ընտրությունների արդյունքներից:
Մարուքյանը գտնում է նաև, որ իրենք կարողացել են պահել դաշինքին տրված յուրաքանչյուր ձայն: Ըստ նրա, խախտումները եղել են ընտրատեղամասերից դուրս:
Ազգային ժողովում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն` 58 մանդատ, այդ թվում ազգային փոքրամասնությունների երեք ներկայացուցիչ (ասորի, քուրդ, եզդի), «Ծառուկյան» դաշինքը` 31 մանդատ, որոնցից 1-ը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» կուսակցությունների դաշինքը` 9 մանդատ, ՀՅԴ` 7 մանդատ: Ազգային ժողովում կլինի 105 պատգամավոր: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ստացել է ընտրողների ձայների 1.65%-ը: