Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍե կազմակերպության աշխատակիցների հետ: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ:
«Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ: Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նշված ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում: Քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը: Այդ պաշտպանության հարցում հնարավոր ցանկացած խախտում բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասութան սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնված ձայնագրությունում անհայտ անձը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից պահանջում է Արտակ Սարգսյանի օգտին քվեարկող ընտրողների ցուցակներ, նվաստացնելով և սպառնալով այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են աշխատել Սարգսյանի օգտին, իսկ նրա օգտին առավելագույն քանակության ձայներ ներգրավողներին խոստանում է հանգստի ուղարկել Փարիզ: