Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «ՍԱՍ գրուպ» կոնցեռնի խորհրդակցության ձայնագրությանը, որում աշխատակիցներին ստիպում են ձայներ ներգրավել ՀՀԿ անդամ, ընկերության ղեկավար Արտակ Սարգսյանի օգտին:
«Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ և միջազգային կառույցները հանդես են եկել հայտարարությամբ, որում փաստել են, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները: Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավական մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները: Մենք ողջունում ենք գլխավոր դատախազի այն հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել: Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ Հայաստանի վարչապետի նախազգուշացմանը: Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության նկատմամբ, որը քննությանը կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»,- նշված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնված ձայնագրությունում անհայտ անձը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից պահանջում է Արտակ Սարգսյանի օգտին քվեարկող ընտրողների ցուցակներ, նվաստացնելով և սպառնալով այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են աշխատել Սարգսյանի օգտին, իսկ նրա օգտին առավելագույն քանակության ձայներ ներգրավողներին խոստանում է հանգստի ուղարկել Փարիզ: