Արմինֆո.Հայաստանն իր կողմից անհրաժեշտ քայլեր է կատարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը, այսպես կոչված, ցյուրիխյան գործընթացի նախաձեռնողն է եղել, ինչի արդյունքում ստորագրվեցին հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: «Արձանագրություններն ստորագրվեցին, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության միջնորդությամբ: Բայց, ցավոք, Թուրքիան հրաժարվեց կատարել իր պարտավորությունները և չվավերացրեց արձանագրությունները: Կարծում եմ՝ Անկարան վարում է տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն, ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի սահմանները և համաձայնեցնում իր քաղաքականությունը Բաքվի հետ: Եթե այդ քաղաքականությունը շարունակվի, մենք ելք չենք տեսնում փակուղուց: Հուսով ենք, որ Թուրքիան կկատարի իր ստանձնած պարտավորությունները: Մենք մեր կողմից անհրաժեշտ քայլեր ենք կատարել՝ հարաբերությունների կարգավորման նպատակով»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ պատասխանելով այն հարցին, եթե իրական է արդյոք Հայաստանի ներդրումը ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործում՝ Տողանյանն ասել է, որ Երևանն ամենից շատ է շահագրգռված Ռուսաստանի և Վրաստանի միջև փոխհարաբերությունների կարգավորմամբ: «Մենք պատրաստ ենք աջակցել դրան, սակայն դա երկու երկրների սուվերեն հարաբերություններն են: Ներկայումս ընթանում է քաղաքական երկխոսություն, Ժնևում տեղի են ունենում Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումները: Հուսով ենք, որ այդ ջանքերը հաջողությամբ կպսակվեն և կհանգեցնեն կարգավորմանն ուղղված հստակ քայլերի: Այստեղ մենք, իհարկե, պատրաստ ենք որոշակի պարտավորություններ ստանձնել, սակայն որքանով կողմերը պատրաստ կլինեն ներգրավել մեզ, կախված է Մոսկվայի և Թբիլիսիի ցանկությունից: Կրկնում եմ, որ մենք խիստ շահագրգռված ենք այդ հարաբերությունների կարգավորմամբ, և ամեն կերպ կաջակցենք դրան»,- ասել է դեպան: