Արմինֆո.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու խորհրդի թեկնածուների համամասնական ցուցակները: Ընտրություններին առաջադրվել են ՀՀԿ-ն, ինչպես նաև երկու ընդդիմադիր ուժեր` «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
ՀՀԿ-ից առաջին եռյակում ներառվել են Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միջազգային գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը, Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ցուցակում են նաեւ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ինչպես նաեւ մայրաքաղաքի փոխքաղաքապետեր Կամո Արեյանն ու Վահե Նիկոյանը:
«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, եռյակում են նաև Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Խաժակյանը: 4-րդ տեղում է նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում է հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, եռյակում նե նաև Մնացական Պարակշիեւն ու Սոնա Աղեկյանը: Առաջին տասնյակում է նաեւ ինժեներ, արեւային էներգիայի քարոզիչ Վահան Համազասպյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա ապրիլի 21-ից մայիսի 12-ը ներառյալ: Ընտրությունների արդյունքում` ավագանու խորհուրդը կընտրի Երևանի քաղաքապետին: Քաղաքապետի պաշտոնին հավակնում են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը: