Արմինֆո.ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Բիշքեկում հանդիպմանը որոշում են կայացրել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին Կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացվել մայիսի 2-ից այդ պաշտոնին նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,-հայտարարել է Սեմերիկովը:
Նրա խոսքով, պետության ղեկավարները որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգևատրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության առաջին աստիճանի նշանով: Նա հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նաև քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական ու ռազմաստրատեգիական իրադրությանն առնչվող հարցեր և ընդունել անվտանգության սպառնալիքներին հակազդմանն ուղղված աշխատանքի վերաբերյալ մի շարք լրացուցիչ հրահանգներ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Ավելի վաղ որոշում էր կայացվել երեք տարին մեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ռոտացիայի մասին` հաշվի առնելով ռուսական այբուբենը: Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, սակայն հարցն օրակարգից հանվեց, նախագահ Սերժ Սարգսյանի ասելով, Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով: Հայաստանի նախագահը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով: