Արմինֆո. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ «ՍԱՍ գրուպ» կոնցեռնի ղեկավարներից մեկի գործողությունները, որն աշխատակիցների նկատմամբ ճնշում է գործադրում ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին ձայների հավաքման գործընթացին մասնակցություն պարտադրելու նպատակով, արջի ծառայություն է:
Հիշեցնենք, որ վերը նշված գործողությունների վերաբերյալ ձայնագրությունը հրապարակվել է սոցցանցերում և բացասական արձագանք է հարուցել հայ հասարակության շրջանում: Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ ձայնագրությունում չի նշվում, թե հատկապես ով է վարում ժողովը, ԱրմԻնֆո-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դա եղել է Արտակ Սարգսյանի հարազատ եղբայրը` Արամ Սարգսյանը, որը կոնցեռնի համասեփականատեր է:
Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ Բաղդասարյանը հայտարարել է, որ անձամբ չի լսել ձայնագրությունը, սակայն կարծում է, որ այնտեղ ներկայացված տվյալները չեն հաստատվել: Հանրապետականը նաև խոստացել է ուսումնասիրել ձայնագրությունը և դրանից հետո միայն հանդես գալ համապատասխան գնահատականով: Լրագրողների բոլոր փորձերը` պարզելու, թե արդյոք նա նման դրսևորումները համարում է աշխատակիցների նկատմամբ ճնշուն և դատապարտում դրանք, զուր են անցել: «Նման լայնամասշտաբ ընտրությունների ժամանակ ամեն բան կարող է պատահել, սակայն Սարգսյանը կարող էր նաև տեղյակ չլինել այդ ժողովի մասին», - հայտարարել է խմբակցության ղեկավարը:
Բաղդասարյանը հերքել է շրջանառվող այն տեղեկությունները, թե հենց ՀՀԿ-ն է սկսել վարկաբեկումներով պայքարը և հրապարակել է ձայնագրությունը` Սարգսյանից մանդատը վերցնելու նպատակով: «Մեր կուսակցությունում տարաձայնություններ և գզվռտոց չկա, և մենք նման եղանակների չենք դիմում մեր կուսակիցների նկատմամբ», - ընդգծել է նա:
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն, իր հերթին, կարծում է, որ հանրապետականները հաճախ են դիմում նման եղանակների, սակայն այս անգամ ձայնագրությունը կատարել է մի քաղաքացի, ով կառավարող համակարգի դեմ պայքարի այլ ճանապարհ չի գտել: Նա նաև հավելել է, որ այդ միջադեպի առնչությամբ պետք է քրեական գործ հարուցվի: Ընդ որում, ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ այդ ձայնագրությունը զանգվածային ընտրախախտումների այլ ապացույցների հետ միասին կուղարկվի Սահմանադրական դատարան: «Համոզված եմ, որ դա միակ ձայնագրությունը չէ, և դեռ բազմաթիվ նման վարկաբեկող նյութեր և ապացույցներ կհրապարակվեն, քանի որ իշխանությունն իրականացրել է զանգվածային և համակարգային հանցագործություններ», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում հայտնված ձայնագրությունում անհայտ անձը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից պահանջում է Արտակ Սարգսյանի օգտին քվեարկող ընտրողների ցուցակներ, նվաստացնելով և սպառնալով այն աշխատակիցներին , որոնք հրաժարվում են աշխատել Սարգսյանի օգտին, իսկ նրա օգտին առավելագույն քանակության ձայներ ներգրավողներին խոստանում է հանգստի ուղարկել Փարիզ: