Արմինֆո. Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ոգով, Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երկու կողմերն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ Մեր այսօրվա հանդիպումը ևս դրա ապացույցն էր։ Մեր փոխգործակցության կարևոր բաղադրիչն է տարածաշրջանում կայունության շուրջ շահագրգիռ երկխոսությունը:
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ տնտեսական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, արդյունավետ գործունեություն է ծավալում համատեղ միջկառավարական հանձնաժողովը։
Քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարեցինք մեր երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը. այսօր այն ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Զրույցի ընթացքում արծարծեցինք նաև վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Ես վրացի գործընկերոջս տեղեկացրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին։ Այս առումով մենք կարևորում ենք Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ»,- ասել է Նալբանդյանը: