Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Հաիդի Հաութալան անդրադարձել է ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներին: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ցավոք, պետք է նշեմ, որ մեր դիտարկումներն ընտրությունների օրը միշտ չէ, որ եղել են դրական: Մենք նկատել ենք, կուսակցությունների ներկայացուցիչների, ովքեր միջամտել են ընտրական գործընթացին, սկսած ընտրատեղամասերի բացումից և վերջացրած ձայների հաշվարկով: Մենք տեսանք, որ նրանց ներկայությունն ազդում է ընտրողների վրա, և նույնիսկ եթե մենք անձամբ չենք տեսել գործարքները, մեր տեղական գործընկերները մեզ բացատրեցին, թե ինչպես է գործում ընտրակաշառքների համակարգը», -ասել է Հաութալան:
Նրա խոսքով, ամենատխուր դիտարկումը դա քվեարկությունն էր հոգեբուժարանում: «Մենք հստակ տեսնում էինք, որ բժիշկները և ընտրական հանձնաժողովի անդամներն արել են ամեն ինչ, որպեսզի հիվանդները քվեարկեն մեկ կուսակցության և մեկ տարածական թեկնածուի օգտին, նույնիսկ եթե այդ ընտրողները ցանկանում էին քվեարկել մեկ այլ թեկնածուի օգտին», - ասել է նա: Հաութալան նաև ընդգծել է, որ Հայաստանում առանցքային է խնդիր է հանդիսանում ընտրողների վստահությունն ընտրական գործընթացներին, և այդ առումով շատ կարևոր է Եվրամիության օժանդակությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերը:
«Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագիրը, որը վերջերս նախաստորագրվեց, և որին պետք հավանություն տա Եվրոպական խորհրդարանը, կարող է ընձեռել այդ խնդիրները լուծելու հնարավորություն», - եզրափակել է առաքելության ղեկավարը:
Նախօրեին ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, ՀՀ Ազգային ժողով են մտել չորս քաղաքական ուժեր, երկու կուսակցություն և երկու դաշինք: Ըստ ԿԸՀ-ի, իշխող Հանրապետական կուսակցությունն ստացել է 58 մանդատ, այդ թվում ազգային փոքրամասնությունների երեք ներկայացուցիչ (ասորիներ, քրդեր և եզդիներ), «Ծառուկյան» դաշինք - 31 մանդատ, այդ թվում ռուսական համայնքի 1 ներկայացուցիչ, «Ելք» դաշինք - 9 և ՀՅԴ – 7 մանդատ: Ընտրություններին մասնակցել է ավելի քան 1.575 մլն. ընտրող, ընտրողների ընդհանուր թվի 60,93%-ը կամ 2 587 706 քաղաքացի: