


Արմինֆո.Հնարավոր է, որ ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ կարող է դառնալ ՀՀԿ անդամ, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը`Կարեն Կարապետյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հիգերորդ գումարման ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Բայց նա հավելել է, որ ՀՀԿ-ում այդ հարցը դեռ չեն քննարկել:
Իր հերթին, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, արդեն ԱԺ պատգամավոր, Հրայր Թովմսայանը հայտարարել է, որ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին, եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով չդիմի Սահմանադրական դատարան: Նրա խոսքով, հատկապես առաջին նիստում կորոշվի, թե քանի մշտական հանձնաժողով կլինի 6-րդ գումարման խորհրդարանում: Նա իրատեսական է համարում նոր խորհրդարանում 8 հանձնաժողովների առկայությունը, ներկայիս 10-ի փոխարեն: Նա նաև ենթադրում է, որ, հավանաբար, կլուծարեն Մարդու իրավունքների և հասարակական հարցերի հանձնաժողովը և Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը: Բացի այդ, առաջին նիստում կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը, որից հետո, տասնօրյա ժամկետում կնշանակվի նոր վարչապետը, իսկ քսանօրյա ժամկետում կձևավորվի նոր կառավարությունը:



