Արմինֆո. ՀՎԿ վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններն: Այդ մասին ասվում է կուսակցության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
«Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդե կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել սույն թվականի մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններն: Կուսակցության վարչությամն մեկ այլ որոշմամբ սահմանվեց կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ: Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՀԿ-ն դարձյալ քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրի Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ ցուցակում երկրորդը կլինի գրոսմեյստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը` «Սինոփսիսե ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը:
«Ելք» դաշինքից Ավագանու խորհրդի ընտրություններում համամասնական ցուցակը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ և դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նախընտրական շտաբը կղեկավարի դաշինքի առաջին համար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նորաստեղծ «Երկիր ծիրանիե կուսակցությունից իր թեկնածությունը կառաջադրի կուսակցության առաջնոր Զարուհի Փոստանջյանը:
Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքն առայժմ չի կողմնորոշվել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի թեկնածության առնչությամբ, չի բացառվում, որ դաշինքն, ընդհանրապես, չմասնակցի այդ ընտրություններին:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, այն առայժմ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նույնպես հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին: Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:
Փորձագետների կանխատեսմամբ, Երևանի քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը: - լ-