Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ և «Ելք» դաշինքից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կգլխավորի դաշինքի համամասնական ցուցակը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում: Նման որոշում է ընդունվել դաշինքի քաղխորհրդի նիստի ընթացքում:
Համամասնական ցուցակում երկրորդը կլինի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը, ում ընդամենը 90 ձայն չի բավականացրել խորհրդարան անցնելու համար: Ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, ում հաջորդում է նախկին պատգամավոր Անահիտ Բախյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: ՀՀԿ-ն դարձյալ քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրի Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Ավագանու խորհրդի ընտրություններում ՀՀԿ ցուցակում երկրորդը կլինի գրոսմեյստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը` «Սինոփսիս» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա այստեղ առայժմ չեն կողմնորոշվել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի թեկնածության առնչությամբ, չի բացառվում, որ դաշինքն, ընդհանրապես, չմասնակցի այդ ընտրություններին: ՀՅԴ կուսակցությունը քաղաքապետի պաշտոնի համար մտադիր է առաջադրել հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի թեկնածությունը: Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունից իր թեկնածությունը կառաջադրի կուսակցության առաջնոր Զարուհի Փոստանջյանը: