Արմինֆո. Սիրիայում ԱՄՆ վերջին գործողություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնած աջակցությունը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաբեականության հերթական վկայությունն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Պենտագոնի պաշտոնական հաղորդման համաձայն, ԱՄՆ ՌԾՆ երկու ռազմանավեր Միջերկրական ծովում առնվազն 50 «Թոմահավկ» թևավոր հրթիռ են արձակել արևմտյան Սիրիայի Հոմս նահանգում գտնվող Շայրաթ օդանավակայանի վրա, գործնականում` լիովին ավիրելով այն: ԱՄՆ օդային հարվածներից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայի աջակցությունն է հայտնել ԱՄՆ կողմից Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը:
«Այո, ռուս-թուրքական հարաբերությունների տնտեսական վեկտորում, իրոք, եղել են տեղաշարժեր, որոնք պայմանավորված են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի շահերով: Անկարայի համար այդ համագործակցությունը, որը նա փորձում է օգտագործել սեփական շահերին համապատասխան, միանշանակ, եղել և մնում է ժամանակավոր բնույթի: Թուրքիայի արտաքին ռազմավարությունն ընդսմին չի փոխվել, եղել են սոսկ մարտավարական, ժամանակավոր տեղաշարժեր», - նշել է նա:
Հարությունյանի գնահատմամբ, Ռուսաստանի հետ համագործակցության խորացման Թուրքիայի շահերը Եվրոպայի և, գլխավորապես, ԱՄՆ հետ նրա հարաբերություններին հակակշռի ստեղծումն է: Դա հատկապես արդիական է դարձել երկրում չհաջողված պետական հեղաշրջաման փորձից հետո: Բացի այդ, ռուսական շահերին համընկնում էին նաև Անկարայի որոշակի շահեր Սիրիայի շուրջ իրավիճակում:
«Ընդ որում, Ռուսաստանում, իհարկե, այդ ամենը շատ լավ հասկանում են և Թուրքիայի հետ հարաբերություններ են կառուցում Հալեպում, իր ռազմական ներկայության սիրիական վեկտորներում սեփական կորուստները նվազեցնելու նպատակով: Համանման շարժառիթներ ունի նաև Անկարիայի և Մոսկվայի շահագրգռվածությունն Արևմուտքի հետ ոչ լավագույն հարաբերությունների համատեքստում: Սակայն, առաջվա նման հարկ չկա արմատական փոփոխություն ակնկալել Անկարայի արտաքին քաղաքականության ռազմավարությունում», - ամփոփել է նախկին նախարարը: