Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դեռ չի կողմնորոշվել մայիսի 15-ին կայանալիք Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցության հարցում, ապրիլի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, անիմաստ է մասնակցել այդ ընտրություններին խորհրդարանական ընտրություններից հետո, որում, նրա կարծիքով, պարտվեցին ոչ թե ընդդիմադիր ուժերը, այլ՝ հայ հասարակությունը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ դաշինքի առաջնորդները և, մասնավորապես, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հիասթափված չեն պարտությունից: «Նա այնքան բան է տեսել մարտի դաշտում, որ ընտրություններում պարտությամբ կոտրել նրան հնարավոր չէ»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով, ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, սակայն ընդդիմության պարտության հարցում հիմնական դեր են խաղացել նախընտրական կաշառքները և իրենց դեմ սև PR-ը: Նա նշել է, որ քվեարկության ընթացքում օգտագործվող տեխնիկական միջոցներն անսարք են եղել, իսկ որոշ դեպքերում կեղծիքների համար լրացուցիչ մեխանիզմ են հանդիսացել: Ավելին, նա հայտարարել է քվեարկած քաղաքացիների ցուցակի մանրամասն ուսումնասիրման անհրաժեշտության մասին, քանի որ, նրա տեղեկությունների համաձայն, ցուցակում ներառված են գոյութուն չունեցող հասցեներ և անձինք:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: