Արմինֆո. Հայաստանի իշխանությունները և նոր խորհրդարանը լեգիտիմ չեն և ի վիճակի չեն որևէ բարեփոխում իրականացնել: Այդ մասին ապրիլի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Վեցերորդ գումարման խորհրդարանը երեք անձանց խորհրդարան է՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Միքայել Մինասյանի /Խմբ. ՀՀ նախագահի փեսա և Վատիկանում ու Պորտուգալիայում Հայաստանի դեսպան/»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա խմբակցությունը ընդդիմադիր են, թեև քաղաքական գործիչը չի բացառել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ առանձին պատգամավորների համագործակցությունը: Ըստ որում, Մարտիրոսյանը «Ելքը» համարում է Մինասյանի նախագիծը և չի բացառում կառավարող կուսակցութան հետ անդրկուլիսյան համագործակցությունը: «Երկիրը քաղաքական դեգրադացիայի վերջին փուլում է և զարգացման երկու սցենար ունի՝ երկրի փլուզում և իշխանափոխություն»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Այս համատեքստում նա հայտարարել է, որ իր ներկայացրած քաղաքական ուժի օրակարգում առաջնահերթ է իշխանափոխության հարցը, սակայն հետընտրական բողոքի ակցիաների գնալ ՕՐՕ-ն մտադիր չէ: «Մենք կշարունակենք մեր պայքարը և չենք նահանջի, պատրաստ են նաև գլխավորել հասարակության կողմից նախաձեռնված ցանկացած շարժում»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Մարտիրոսյանը նշել է, որ դաշինքում տրանսֆորմացիաների գործընթաց է սկսվել՝ չբացառելով դրա մեջ մտնող քաղաքական ուժերի կոնսոլիդացումը կուսակցությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: