Արմինֆո. ՀՀ Ոստիկանությունն արձագանքել է բազմաթիվ խախտումների վերաբերյալ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի մեղադրանքներին:
«Դերասանուհի Արսինե Խանջյանը մամուլի ասուլիսի ժամանակ մերկապարանոց հայտարարություն է արել, թե Հայաստանում ոստիկանության վայրագությունների հետևանքով ամեն օր մարդիկ են զոհվում: Տիկին Խանջյանն, ըստ երևույթին, տարրական իմացություն չունի Հայաստանի հանրային, իրավական և իրավապահ դաշտի իրողությունների մասին: Հակառակ դեպքում տեղյակ կլիներ, որ առնվազն վերջին տասնամյակում ոստիկանության գործողությունների հետևանքով չի եղել և ոչ մի զոհ. ոստիկանությո՛ւնն է կորուստներ ունեցել հանցավորության դեմ պայքարում: Կանադայի քաղաքացի դերասանուհին, հավանաբար, նաև աշխարհագրական իմացության խնդիր ունի և մեր երկիրը շփոթել է արևմտյան որոշ երկրների հետ, որտեղ, իրոք, ոստիկանական գործողությունների հետևանքով ամեն տարի հարյուրավոր քաղաքացիներ են սպանվում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Հայաստանն իր հայրենիքը համարող և մեր հանրությանն աջակցելու իր պատրաստակամությունը հանրահռչակած Արսինե Խանջյանը հանդես է գալիս անփաստարկ ու կանխակալ դրսևորումներով՝ մի կողմից մոլորության մեջ գցելով հայաստանյան իրողություններին անտեղյակ մարդկանց, մյուս կողմից՝ ծիծաղելի վիճակի մեջ դնելով ինքն իրեն և ցավալիորեն հավաստելով, որ բարի կամքի դեսպանի ու հայրենապաշտի իր առաքելությունը, չնայած բարձրագոչ հայտարարություններին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: