Արմինֆո. Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը: Այդ մասին ասվում է Եվրամիության հայտարարության մեջ:
«Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ ընտրությունները լավ կազմակերպված էին և ընդհանուր առմամբ առկա էր հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Այդուհանդերձ, ընտրությունների վրա ստվեր է գցել արժանահավատ տեղեկատվություն առ այն, որ եղել են քվեներ գնելու դեպքեր, քաղաքացիական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, որն էլ իր հերթին հանգեցրեց ընտրությունների նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը:
Չնայած որ աննախադեպ քանակի միջազգային և տեղական դիտորդների համար ստեղծվել էր աշխատանքային նպաստավոր միջավայրը, միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունները չէին հրավիրվել դիտորդություն իրականացնելու՝ ի հակադրումն 1990 թվականի ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթի: Ընտությունների միջազգային դիտորդական առաքելությունը ողջունեց բարեփոխումների իրավական շրջանակը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որին իր աջակցությունն է տրամադրել Եվրոպական միությունը՝ ՀՀ իշխանությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացված ծրագրի միջոցով: Չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայության՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակավորման վերաբերյալ իրավախախտումների ավելի քիչ դեպքեր:
Եվրոպական միությունը հետամուտ է Հայաստանի կայուն, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային: Ընտրական գործընթացների ամփոփումից հետո ակնկալում ենք աշխատել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան ընտրված նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու շարունակելու ԵՄ օժանդակությունը սոցիալ-տնտեսական ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝ հիմք ընդունելով վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության ու Արևելյան գործընկերության ավելի լայն շրջանակը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%: «Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: