Արմինֆո.Ղազախստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը նախօրեին Բաքվում քննարկել են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների փոխգործակցության հարցեր, անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը:
«Ղազախստանը, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կսևեռի առկա տարածաշրջանային խնդիրներին: Ադրբեջանահայկական հակամարտության առնչությամբ մեր երկիրը կողմ է ՄԱԿ ընդունած բանաձևերի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ղազախստանը լավ հարաբերություններ է պահպանում բոլոր երկրների հետ և միշտ կոչ է անում հակամարտությունների խաղաղ կարգավորման», - ասել է Նազարբաևը, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը:
Ալիևն, իր հերթին, վերստին հայտարարել է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումների և բանաձևերի շրջանակում: «Այսօր մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Ես Նուրսուլթան Աբիշևիչին տեղեկացրել եմ կարգավորման գործում առկա իրավիճակի մասին: Մեր դիրքորոշումն արտացոլված է նաև հենց նոր ստորագրված համատեղ հայտարարությունում: Դրանում ընդգծվում է, որ լուծումը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ամբողջականության շրջանակում, և կարգավորման այդ հիմնական կետերն արտացոլված են այսօր ստորագրվիած հայտարարությունում», - ասել է Ալիևը, հավելելով, որ դա հակամարտությունների կարգավորման նկատմամբ Ղազախստանի սկզբունքային դիրքորոշման ևս մեկ նշան է: