Արմինֆո.Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի քաղաքացիների ընտրությանն անցած խորհրդարանական ընտրություններում, ՏԱՍՍ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի հայտարարություն է արել լեգենդար շանսոնյեն:
«Ինչպիսին էլ լինի ժողովրդիս ընտրությունը, ես ընդունում եմ այն»,-հայտարարել է Ազնավուրը: Ըստ նրա, սխալ կլիներ քննադատել երկիրն արտերկրից: «Չեմ սիրում մարդկանց, ովքեր հեռանալով երկրից, քննադատում են իրենց երկիրը»- ասել է նա:
Ազնավուրը խոստովանել է, որ ընդհանրապես չի սիրում քննարկել քաղաքականությունը: «Չնայած քաղաքական գործիչ ընկերներ ունեմ, ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից: Ես նրանց հետ խոսում եմ արվեստի մասին՝ երաժշտություն, կինո, գեղանկարչություն: Մենք բավականաչափ թեմաներ ունենք», - ասել է նա:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 2009 տեղամասերի տվյալների հիման վրա: Ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%:
«Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: