
Արմինֆո.Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին, ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները: Այդ մասին ապրիլի 3-ին Երևանում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը՝ ներկայացնելով ընտրությունների ընթացքի մասին միջազգային դիտորդների /ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրախորհրդարան, ԵԽԽՎ/ նախնական գնահատականը:
Ըստ որում, նա նշել է, որ չնայած իրավական շրջանակի՝ հավանության արժանացած բարեփոխումներին և ընտրական անճշտությունները նվազեցնելուն ուղղված նոր սարքավորումների ներդրմանը՝ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները և քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումները: Ամորի խոսքով, դա նպաստել է ընտրությունների նկատմամբ հասարակական վստահության ընդհանուր բացակայությանը: «Երեկվա ընտրությունները գծանշեցին առաջին քայլը Հայաստանում նոր քաղաքական համակարգ կառուցելու ճանապարհին, բայց փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում: Բարեփոխումները երբեք չավարտվող գործընթաց են, և ես կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանը և նոր կառավարությանը շարունակել իրենց ջանքերը՝ փոխակերպելու երկրի քաղաքական մշակույթը՝ համագործակցելով ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ»,-ասել է Ամորը:
Միաժամանակ նա նշել է, որ ընտրությունների օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր և խաղաղ, բայց դիտորդները լարվածություն և ընտրողների նկատմամբ ահաբեկումներ են նկատել մի քանի ընտրատարածքներում, որտեղ այցելել են: Ընդհանուր առմամբ դրանց պատճառ է հանդիսացել ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամասերի շուրջ կուսակցությունների մեծ թվով վստահված անձանց և այլ անձանց ներկայությունը:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասկյեն իր հերթին նշել է, որ Հայաստանի իշխանությունները ջանք են գործադրել երկրի ընտրական համակարգի որակի բարելավման համար, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով. «Ցավոք, այդ ջանքերը չվերացրեցին երկրում երկար ժամանակ գոյություն ունեցող կասկածները ընտրական գործընթացների վստահելիության և ազնվության նկատմամբ: Քվեարկության նոր տեխնոլոգիաների օգտագործումը միայն չի կարող վերականգնել վստահությունն ընտրությունների նկատմամբ, որոնք առանցքային են ճշմարիտ ժողովրդավարության մեջ, իսկ բարելավված օրենսդրությունն էլ արդյունավետ է միայն, եթե կիրառվում է բարեխղճորեն»:
ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Գեյր Յորգեն Բեքքևոլդն հայտարարել է, որ իրեն շահագրգռված են, որ ընտրությունները լինեն ազատ և լեգիտիմ. «Ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, սակայն բացասական տպավորություն են թողել ճնշումների և բռնության մասին հաղորդումները: Մենք ողջունում ենք նոր տեխնոլոգիաների ներդրումը՝ ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման նպատակով: Միաժամանակ ուզում ենք փաստել, որ նոր Ընտրական օրենսգիրքն ավելի մեծ ներկայացվածություն է ընձեռում կանանց և փոքրամասնություններին»:
Մինչդեռ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութոլան փաստել է, որ նոր ընտրական ընթացակարգը բարդ էր և ոչ միշտ էր հասկանալի ընտրողների համար: Այդուհանդերձ, ընտրատեղամասերի անձնակազմը լուրջ ջանքեր է գործադրել՝ հարթ գործընթաց ապահովելու համար: «Ցավոք, գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների, մասնավորապես դպրոցներում և հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, ինչպես նաև վարչական դիրքի չարաշահմամբ»,- ասել է Հեյդի Հաութոլան:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենը նույնպես նշել է ընտրողների նկատմամ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ճնշումների, ընտրակաշառք բաժանելու և ընտրատեղամասերում կուտակումների մասին. «Բայց պետք է փաստենք, որ, անցած տարիների համեմատ կաշառքների և ճնշումների հետ կապված իրավիճակն էապես բարելավվել Է»: