Արմինֆո. Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, Հանրապետական կուսակցությունից բացի, չեն մեկնաբանում դրանց արդյունքները:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում արդեն հայտարարել է, որ կուսակցությունը գոհ է ընտրությունների արդյունքներից, գտնում է, որ դրանք անցել են օրենքին և միջազգային նորմերին համապատասխան:
Ընտրություններին մասնակցած մնացած բոլոր քաղաքական ուժերի հեռախոսները, ՀՅԴ-ից, բացի, լռում են: Իսկ ՀՅԴ ներկայացուցիչները, չնայած ձայնի մեջ զգացվող անթաքույց ուրախությանը, այնուամենայնիվ, հրաժարվել են ընտրությունների արդյունքների առնչությամբ մեկնաբանությունից:
«Ծառուկյան» դաշինքում ԱրմԻնֆո-ի աղբյուրները հայտնել են, որ վերջինիս ներկայացուցիչները գտնվում են խորը ընկճախտի մեջ և չեն ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 2009 տեղամասերի տվյալների հիման վրա: Ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%:
«Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%: Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: