Արմինֆո.Խորհրդարանական
ընտրությունների արդյունքների առնչությամբ արդեն ստույգ կարելի է ասել, որ խորհրդարանում ՀՀԿ-ն ունի մանդատների մեծամասնություն (55 և ավելի), հետևաբար, կարող է միայնակ կառավարություն ձևավորել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ընդ որում, նրա ասելով, ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, հակված է կոալիցիոն կառավարության ձևավորման` իր հավատարիմ գործընկեր ՀՅԴ հետ: «ՀՅԴ հետ մենք, գործնականում, միանման տեսլական ունենք տարբեր ռազմավարական հարցերի վերաբերյալ», - բացատրել է Շարմազանովը:
Ինչ վերաբերում է հաղթած կուսակցության ավելի որոշակի ծրագրերին ընտրություններից հետո, այդ թվում` կադրային հարցերին, մասնավորապես, խորհրդարանի խոսնակի թեկնածությանը, ապա, փոխխոսնակի հավաստմամբ, մինչև ապրիլի 24-ն այդ բոլոր հարցերը կորոշվեն:
Ինչպես արդեն հաղորդվել է, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 2009 տեղամասերի տվյալների հիման վրա: Ներկայացված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 577 323 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող 2.588.590-ից, 6701 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ուժերի դասավորությունը հետևյալն է. ՀՀԿ` 771.247 ձայն կամ 49.12%, «Ծառուկյան» դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Ելկք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, ՀՅԴ` 103.173 ձայն կամ 6.57%:
«Հայկական վերածնունդ»` 58.277 կամ 3.71%, ՕՐՕ` 32.504 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ»` 25?975 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ»` 14.746 կամ 0.9%, ՀԿԿ` 11. 745 կամ 0.75%:
Այդպիսով, կառավարող ՀՀԿ-ն կստանա 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30, «Ելքը»` 9, ՀՅԴ-ն` 7: