Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը և Հայաստանը`բարեկամության և վստահության բազմադարյա ավանդույթներ. դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ» հոդված է հրապարակել «Նովոյե վրեմյա» թերթում:
«2017 թ. ապրիլի 3-ին նշվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Այս տարեթիվը հայ-ռուսական բազմադարյա կապերի նոր փուլ է խորհրդանշում: Մեզ միավորում են բարեկամության և փոխաջակցման վաղեմի ավանդույթները, մշակութային և հոգևոր կապը: Մեր ժողովուրդները միասին պատվով անցան բազմաթիվ փորձությունների միջով, կողք կողքի մարտնչեցին Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիներին։
Ուրախությամբ փաստեմ, որ բոլոր ժամանակներում մենք ոչ միայն հարգանքով ենք վերաբերել միմյանց ազգային ինքնությանը, այլև շռայլորեն կիսվել ենք մեր ձեռքբերումներով։ Մի շարք հայ գործիչների անուններ մեր հայրենիքի պատմական տարեգրության անբաժան մասն են կազմում։ Ռուսաստանում լավ են հիշում Հ.Այվազովսկուն, ակադեմիկոս Վ.Համբարձումյանին և Օրբելյան եղբայրներին, ծովակալ Իսակովին, մարշալ Բաղրամյանին և Բաբաջանյանին, կոմպոզիտորներ Խաչատրյանին և Թարիվերդիևին։ Եվ սա երկար ցուցակի մի մասն է միայն: Այսօր հայ համայնքը շարունակում է գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական, տնտեսական, մշակութային կյանքում:
Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է:
Մեզ բաժին է ընկնում արտասահմանյան բոլոր ներդրումների կեսը` շուրջ 3 մլրդ դոլար։Հանրապետությունում գործում են ռուսական մասնակցությամբ մոտ 2000 ձեռնարկություն։ Անկախ համաշխարհային տնտեսության մեջ առկա տուրբուլենտային վիճակին՝ անցյալ տարի ապրանքաշրջանառությունը աճել է վեց անգամ` հասնելով 1.34 մլրդ դոլարի, այդ թվում՝ ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարումների ավելացման հաշվին: Նոր հորիզոններ բացվեցին 2015 թ. հունվարին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո:
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից է: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կողմերին օգնում ենք հասնել հակամարտության կայուն հաղթահարմանը: Այդ խնդրի լուծմանն էր նվիրված անցյալ տարի Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ գագաթնաժողովը: Ղարաբաղյան հակամարտության թեման քննարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումների ընթացքում, նաև ԱԳ նախարարների բազմաթիվ շփումների ժամանակ: Շատ հարցերի շուրջ հաջողվում է համաձայնության գալ, մնացել են մի քանի հարցեր, թեև ավելի բարդերը: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքը կախված է առաջին հերթին կողմերի քաղաքական կամքից, ճկունություն ցուցաբերելու և փոխզիջումային որոշման գնալու վերջիններիս պատրաստակամությունից:
Այսօր Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման համատեղ մասշտաբային խնդիրներ: Հայ բարեկամների հետ միասին կշարունակենք աշխատել դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»,- ասված է հոդվածում: