Արմինֆո. Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավասու մյուս իրավասու մարմինների հետ տարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով: «Բանավոր բոլոր բողոքներով քաղաքացիներին տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն:
Քրեակատարողական հիմնարկներում ընթացող քվեարկության ընթացքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմ դեռ տեղեկություններ չեն ստացվել: Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաև ընտրությունները դիտարկելու մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրվում են զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում առկա հրապարակումները ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ: Իրականացվում է նաև տեղական դիտորդական առաքելությունների հրապարակումների ուսումնասիրություն: Հատուկ առանձնացվում են առերևույթ հանցանքի հատկանիշ պարունակող հրապարակումները՝ քրեական հետապնդման մարմիններին ուղարկելու նպատակով: Աշխատանքային խմբեր են աշխատում նաև Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքի մարզերում», - ասվում է հաղորդագրությունում: