Արմինֆո.Այս խորհրդարանական ընտրություններում ներդրված մեխանիզմները բավական են կեղծարարությունը բացառելու համար, հայտարարել է վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը` տիկնոջ հետ մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում քվեարկությունից հետո:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետը նշել է. «Քվերակության եկել ենք շատ լավ տրամադրությամբ, հանուն մեր կարգախոսի իրականացման: Պատկերացնում եմ տրամաբանական, խելացի և օրենքի Հայաստան»: Մեկնաբանելով ՀՀԿ հաղթանակի շանսերը` կառավարության ղեկավարը նշել է. «Ժամանակը ցույց կտա»: Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերի հետ ՀՀԿ կոալիցիայի ձևավորման հնարավորությանը, վարչապետը նշել է, որ ամեն ինչ պարզ կլինի ընտրություններից հետո: «Իմ ցանկությունն է, որպեսզի ընտրություններն անցնեն հանգիստ, հանդուրժողականության մթնոլորտում», - հայտարարել է նա:
Մեկնաբանելով ուսումնական հաստատությունների աշխատակիցների կողմից ՀՀԿ քարոզչության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորիման» հրապարակած տեղեկատվությունը` Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ եթե նրանք խախտում են կատարել, ապա պետք է պատժվեն, իսկ եթե չեն կատարել, չեն պատժվի: «Պետք չէ ամեն մի մանրուք քննարկումների առիթի վերածել», - ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը բացասական գնահատական է տվել ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների միջև բախումներին նախընտրական շրջանում: