Արմինֆո.Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ապրիլի 1-ի դրությամբ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 225 հաղորդում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հաղորդումներից առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 57-ը, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: Դրանցից 42-ում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսների առնչությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են: Առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերեւույթ ընտրական կաշառք բաժանելու, իսկ 11-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերին: