
Արմինֆո.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքը ընտրությունների է գնում հաղթելու նպատակով, սակայն չի բացառում կոալիցիան այն քաղաքական ուժերի հետ, որոնք հանդես են գալիս երկրում արմատական փոփոխությունների օգտին: Մարտի 31-ին այդ մասին հայտարարել է դաշինքի առաջնորդ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի արդյունքները:
Նրա ասելով, հայ հասարակությունն ակնկալում է համակարգային փոփոխություններ եւ տնտեսական զարգացում, հետեւաբար, քաղաքական ուժերը պետք է առավելագույն ջանք գործադրեն, որպեսզի ընտրողին չհիասթափեցնեն: Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր համագործակցությանը, որը բազմաթիվ հարցումների արդյունքների համաձայն, նախընտրական քարոզարշավի առաջատարն է, նախկին նախարարը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ ինքը լավ հարաբերություններ է պահպանում, եւ «ընտրություններից հետո կյանքը չի ավարտվում»: ՕՐՕ դաշինքից պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասելով, ՕՐՕ-ի վարկանիշն այնքան բարձր է, որ ինչպես ընտրղները, այնպես էլ քաղաքական ուժերը կզարմանան ընտրությունների արդյունքից: Նա ընդսմին նշել է, որ երկրի իշխանություններն արդեն դիմում են մասշտաբային կեղծարարության եւ վարչական ռեսուրսի չարաշահման: «Առայժմ հասկանալի չէ, թե որքանով լուրջ կլինի այդ իրավախախտումների ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա, սակայն, եթե այն լինի էական, մենք չենք լռի», - հյատարարել է նա, հավելելով, որ ՕՐՕ-ն կլինի ժողովրդի կողքին եւ կկատարի վերջինի կամքը: «Համախմբում» կուսակցության առաջնորդ եւ դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղն զբաղեցնող Վարդան Օսկանյանն, իր հերթի, հայտարարել է, որ ներկա իշխանությունը տապալել է ոչ միայն երկիրը կառավարելու, տնտեսական զարգացման իր հիմնական առաքելությունը, այլեւ՝ արտաքին քաղաքականությունը: «Սերժ Սարգսյանն զբաղված է տարբեր երկրներ անիմաստ այցելություններով՝ ստեղծելով բուռն գործունեության տպավորություն», - հայտարարել է նա, հավելելով, որ հաղթանակի դեպքում լուրջ փոփոխություններ եմ սպասվում արտաքին քաղաքական գերատեսչությունում, մասնավորապես՝ դեսպանների մակարդակով:
Ընդ որում, բլոր երեք թեկնածուները հայտարարել են, որ չեն հավատում տարբեր կազմակերպությունների անցկացրած բազմաթիվ հարցումների արդյունքներին, որոնց համաձայն, իրենց դաշինքի վարկանիշը ցածր է: Ավելին, նրանց կարծիքով, բոլոր հետազոտություններն ուղղված են ՕՐՕ-ի դեմ եւ զոմբիացնում են ընտրղներին: