Արմինֆո. Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:
«Տեր-Պետրոսյանին ճանաչում եմ որպես պրագմատիկ քաղաքական գործչի, և եթե նա նման հայտարարություն է անում, նշանակում է, հասկանում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ հաշտության միջով: Խաղաղությունն անհրաժեշտ է երկու երկրներին, և ուրախալի է, որ Տեր-Պետրոսյանն այդ ուղերձն է հղում հայ ժողովրդին: Ինձ վիճակվել է բազմիցս հանդիպել նրա հետ: Նա շատ խելացի մարդ է, և պետք է ասեմ, որ ոչ մի անգամ նրա կողմից Ադրբեջանի նկատմամբ անզուսպ ատելություն չեմ տեսել: Եթե նա մեզ ձեռք է մեկնում, ապա մենք չպետք է այն մերժենք: Այո, մեր տարածքներն օկուպացվել են նրա օրոք, ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ մեր պատմության այդ ողբերգական էջերի մասին, սակայն, միևնույն ժամանակ, հարկավոր է իրատեսորեն գնահատել իրավիճակը», - ասել է Մութալիբովը haqqin.az-ին:
Նրա ասելով, հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է առաջ նայեն, մտածելով տարածաշրջանի, իրենց երկրների բարենպաստ ապագայի մասին: Մութալիբովը համոզված է, որ այլընտրանք չկա. կամ Հայաստանն ու Ադրբեջանը հավերժ թշնամի կմնան, կամ հարկավոր է իր մեջ ուժ գտնել` պայմանավորվելու հաշտության շուրջ:
«Միշտ կարծել և կարծում եմ, որ խաղաղ գոյակցության նկատմամբ այլընտրանք չկա: Այստեղ հարկավոր է քաղաքական կամք թե մեր, թե հայկական կողմերից` այդ ցավոտ խնդիրը լուծելու համար: Մեր փոխարեն ոչ ոք այդ խնդիրը չի լուծի, ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ խումբը: Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին նախապատրաստենք խաղաղության», - եզրափակել է Մութալիբովը:
Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում ներկայացրել է խաղաղության ծրագիր, որը նախատեսում է ղարաբաղյան հակամարտության
շուտափույթ կարգավորում` ԼՂՀ կարգավիճակի դիմաց Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու ճանապարհով: