Արմինֆո. Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կատարած վայրագությունները, քանզի անպատժելիությունն Ադրբեջանին խրախուսում է նոր հանցագործությունների կատարման: Այդ մասին հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը` Ջոն Հոթքինսի անվան գիտահետազոտական համալսարանի միջազգային առաջատար հետազոտությունների դպրոցում ներկայացնելով ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի պատերազմական հանցագործույթուների և վայրագությունների վերաբերյալ զեկույցը:
Նա ընդգծել է, որ Արցախի բնակիչները մտահոգված են իրենց անվտանգությամբ, քանի որ ադրբեջանական կողմն անընդմեջ բարձրաձայնում է ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքներ և ամեն օր խախտում զինադադարի ռեժիմը:
Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության աշխատանքի արդյունքները, իր զեկույցում շեշտելով ապրիլյան իրադարձությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայողների կողմից պարբերաբար կատարած պատերազմականհանցագործությունները: Զեկույցում ընդծված է, որ ադրբեջանցի զինվորականները և տանջում սպանում էին հայ զինվորներին և խոշտանգում նրանց մարմինները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, ինչի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: «Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ», - նշել է Արցախի օմբուդսմենը: