Արմինֆո.6-րդ գումարման խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: Նախօրեին մամլո ասուլիսի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել «Ելք» նախընտրական դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնել է, որ նախընտրական արշավի ողջ ընթացքը վկայում է իրենց դաշինքի աճող վարկանիշի մասին: «Եթե ընտրողները կատարեն մեզ տված իրենց խոստումը և քվեարկեն մեր օգտին, ապա «Ելք» դաշինքն այս ընտրություններում կհաղթի, իսկ եթե ոչ՝ փոփոխությունների հասնել չի հաջողվի», - նշել է քաղաքական գործիչը: Ընդ որում, հղում կատարելով փորձագետների վերլուծություններին, նա ասել է, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի կառավարություն կձևավորի ՀՀԿ-հետ: Միաժամանակ, Փաշինյանը բացառել է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն, քանի որ, իր կարծիքով, վերջինս հանդիսանում է երկրում առկա խնդիրների հիմնական մասի պատճառը: «Սակայն, եթե հնարավորություն ընձեռնվի դաշինք ստեղծել և ՀՀԿ-ն դուրս մղել ընդդիմադիր դաշտ, մենք այդ հնարավորությունը բաց չենք թողնի», - ընդգծել է Փաշինյանը: Հետընտրական հնարավոր ցնցումների վերաբերյալ նա հայտնել է, որ «Ելքը» դրան կգնա միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ ձայները «հափշտակվել են»:
Պատգամավորն արձագանքել է նաև ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարություններին այն մասին, որ «Ելք» դաշինքը և ինքը՝ Փաշինյանն, ունեն ցածր վարկանիշ, որը և հանդիսանում է վերջին ժամանակներում նրա նյարդայնության պատճառը: Նրա կարծիքով, Հայաստանի և ՀՀԿ նահագահ Սերժ Սարգսյանի վարկանիշն այնքան ցածր է, որ հանրապետականները վախեցել են նրան նույնիսկ ընդգրկել համասնական ցուցակում: «Հենց այդ պատճառով են հանրապետականները «քողարկել» Սարգսյանին», - նշել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալներով, ընտրությունների նախաշեմին կարելի է խոսել օրակարգի խիստ քաղաքականացման մասին՝ բնակչության երեք քառորդը (75%) հետևում է ընտրարշավին: Միաժամանակ բարձրացել է անորոշության մակարդակը. հարցման մասնակիցների ավելի քան 40%-ը ընտրություն չի կատարել կամ պատրաստ չէ դրա մասին խոսել: Խորանում է իրադրության գնահատման կրիտիկականությունը. 85%-ը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ընդամենը 26%-ն է գտնում, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում: Իշխանություններից հիմնական պահանջը գործազրկության խնդրի լուծումն է: Առաջիկա ընտրություններում ընտրողների մեծ մասն ուղղորդվելու է թեկնածուի անձով (79%), այլ ոչ թե՝ կուսակցական կառույցին պատկանելությամբ: Մեծամասնության համար կատարյալ թեկնածուն «երիտասարդ ռեֆորմիստն» է՝ հարուստ փորձով և բանակցելու ունակությամբ:
Նշենք նաև, որ Gallup International Association-ի հարցման համաձայն, Հանրապետական կուսակցությունն առաջատար է՝ 29,4%-ով, այնուհետև գալիս են «Ծառուկյան» դաշինքը՝ 28,2 %, «Ելք» դաշինքը՝ 6.1%, ՀՅԴ-ն՝ 4,8%, «Ազատ դեմոկրատները»՝ 4,4%, «Հայկական վերածնունդը»՝ 3,4%, «ՀԱԿ-ՀԺԿ»-ն՝ 2,9%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ՝ 2,5% և Կոմունիստական կուսակցությունը՝ 1,2%: